Сочинение на армянском языке

Автор: Ашот Гимишян, 17 лет

Язык: армянский

Тема сочинения ü

Ավանդույթներն իմ գյուղում


1829 թվականին ավարտվեց ռուս-թուրքական հերթական պատերազմը։Արդյունքում կնքվեց ու կյանքի կոչվեց Ադրիանապոլսի հաշտության պայմանագիրը։Վերջինիս տասներեքերորդ կետով սահմանվեց փոխադարձ գաղթի իրավունք․ «Թուրքահպատակ հայերը կարող են տասնութ ամսվա ընթացքում տեղափոխվել Ռուսաստան»։ Մինչև 1830 թվականը շուրջ 75-80 հազար հայ Էրզրումից,Կարսից,Բայազետից գաղթեց Անդրկովկաս, որի սևծովյան առափնյա մասերը (Ախալցիխե և Ախալքալաք քաղաքների հետ միասին) վերոնշյալ պայմանագրի երկրորդ կետի համաձայն անցան Ռուսաստանի կայսրության կազմի մեջ։

Այս տարիներին Ախալցիխեի շրջանում հիմնվեց մոտ 15 հայկական գյուղ, որոնցից մեկի՝ իմ հայրենի Մեծ Պամաճի հիմնադիրները Էրզրումի նահանգի Վերինգեղ բնակավայրի բնակիչներ էին։Գաղթը շատ բան էր խլել նրանցից․հայրենիք, տուն, տեղ, տանիք, շարժական ու անշարժ գույք։Իրենց հետ կարողացել էին փախցնել լոկ սուղ կենսական անհրաժեշտության իրեր, ձեռագիր Ավետարաններ, որոշ թանկարժեք զարդեր և հայկական համով-հոտով ավանդույթներ։Որպես նոր բարգավաճող գյուղի բնակիչներ իմ նախնիները շատ մեծ կարևորություն են տվել հարսանեկան ավանդույթներին։Բնականաբար, ժամանակի ընթացքում հարսանիքը ձերբազատվել է շատ մանրամասնություններից, հարմարվել է զարգացող մարդ տեսակի կենսապայմաններին ու մտածողությանը, սակայն հիմնական կորիզ կազմող հետաքրքիր ավանդույթները այժմ էլ՝ երկու հարյուր տարի անց, պահպանվում են։Հին ժամանակներում մեր գյուղում, սովորության համաձայն, «դրսից» աղջիկ չեին բերում, այսինքն հարսնացուն պետք է լիներ նույն գյուղի բնակիչ։Համաձայնությունը ստանալուց հետո կատարվում էր «Խոսքկապ» կոչվող արարողությունը, այնուհետև՝ «Նշանադրությունը»։ «Հալավօրհներքի» ժամանակ օրհնվում էին հարսի ու փեսայի մատանիները։Բուն արարողությունից երկու օր առաջ փեսայի տանը հարսանիքի հացն էին թխում։Այս ծեսը կոչվում էր «Տաշտադրեք»։Հարսանիքի օրը տեղի էր ունենում «Հարսի կոշիկի

մի զույգի գողություն»։Կոշիկը վերադարձվում էր երկարատև բանակցություններից ու գումար վճարելուց հետո միայն։Հիշարժան ավանդույթներ են նաև նորապսակների ուսերին լավաշ գցելն ու ափսե կոտրելը։Այնուամենայնիվ հարսանիքի հետ կապված ամենագեղեցիկ արարողությունը, ըստ իս, եղել է և մնում է եկեղեցում մատանիներ դնելը։Այն գալիս է հնուց և խորհրդանշում է հարսի ու փեսայի անխափան միությունը։Հնուց է գալիս նաև նորածինների հետ կապված մի այսպիսի հետաքրքիր ավանդույթ․երեխային ցույց չտալ կողմնակի մարդկանց մինչև չլրանա նրա ծնվելու քառասուն օրը։Մենք ունենք արդեն ավանդական դարձած տոներ, որոնք եկել են դեռևս հեթանոսական ժամանակներից։Չնայած այդ փաստին, ժողովրդի կողմից ընդունվել և հաճույքով նշվում են նաև հիմա։Այդպիսի տոներից են «Տրնդեզն» ու «Վարդավառը»։Առաջինը տոնում ենք փետրվար ամսին․եկեղեցու բակում վառվում է կրակ, որի վրայով պետք է ցատկեն երիտասարդները, որպեսզի զերծ մնան չար ոգիներից։Երկրորդը՝ ամռանը։Այդ օրը մարդիկ ջրում են միմյանց ու պատահական անցորդներին։Հարկ եմ համարում գրել նաև քրիստոնեական «Զատիկի» մասին։Այն իմ և իմ համագյուղացիների ամենասիրելի տոնն է։Զատիկի օրը մենք ձու ենք ներկում ու կռվեցնում միմյանց հետ։Հարևան գյուղում անցակացվում են ըմբշամարտի արդեն ավանդական դարձած լայնամասշտաբ մրցումներ։Զատիկին հաջորդող երկուշաբթի օրը կոչվում է «Մեռելոց»։Այն ընդունված է որպես հանգուցյալների հիշատակին նվիրված օր։Մեռելոցի օրը հարազատներն օրհնել են տալիս գերեզմանները և դրանց վրա խունկ ծխում։

Ընդհանրապես մենք՝ հայերս, ունենք բազմաթիվ գեղեցիկ, հետաքրքրաշարժ, ընդհուպ մինչև առեղծվածային ավանդույթներ։Հպարտանալու առիթ, անշուշտ, ունենք, սակայն պետք է հաշվի առնենք նաև, որ ստեղծված պատմաքաղաքական իրադրության մեջ ավանդույթների ու մայրենի լեզվի պահպանության խնդիրները դրված են շատ սուր։Երկու դեպքում էլ պարտավոր ենք ցուցաբերել առավելագույն զգուշություն, քանզի գործ ունենք մեր նախնիների կողմից դարերով ստեղծած ու արյան գնով պաշտպանած գերագույն արժեքների հետ։Քաջ գիտակցելով այդ ամենն ու զգալով հարցի կարևորությունը ես, որպես երիտասարդ սերնդի ներկայացուցիչ, ասում եմ․

- Մենք սիրով ենք պահպանում այն ավանդույթներն ու տոները, որոնք տարագիր պապերս իրենց կյանքի գնով են փոխանցել մեզ։Մեր գյուղն այսօր հազվագյուտ օրինակ է ճշմարիտ հոգեւոր հարստության

և այնպիսի հասարակության, որին հաջողվել է պատսպարել հին ավանդույթները, մշակույթը, կրոնը։Իսկ ինչ վերաբերում է մեծահասակների հանդեպ հարգալից ու հոգատար լինելուն, կարծում եմ, որ դա մեր՝ էրզրումցիներիս գենի մեջ է։

Нет комментариев
Добавить комментарий